BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Եվրոպայի անունից խոսում են, բայց վարվում են թուրքի պես»

«Եվրոպայի անունից խոսում են, բայց վարվում են թուրքի պես»
22.07.2014 | 00:30

Նախօրեին Վիրահայոց թեմը հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային ու կրոնական ատելությունից դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Պատճառը կենցաղային է եղել ու ծագել է մի վրացուհու մեքենան կայանել չկարողանալու հետևանքով:
«Սա վրացական ավանդական քաղաքականություն է, վերաբերմունք դեպի տեղի հայությունը, որին չեն թողնում գլուխ բարձրացնել, մշտապես անտեսում են և՛ ջավախահայությանը, և՛ վիրահայությանը»,- մեզ հետ զրույցում գնահատելով կատարվածը, ասաց ծնունդով ջավախքցի, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ` վստահեցնելով, որ սա սադրանքի արդյունք է: Նման միջադեպերի մեղավորների թվին քաղաքագետը դասում է նաև Հայաստանի իշխանություններին, որոնք ամեն անգամ կրավորական կեցվածք են ընդունում, պատշաճ չեն արձագանում տեղի ունեցածին: «Միշտ ուզում են ձեռքերը լվացած լինել վրացահայության հարցերից: Այսպես է եղել հարյուրավոր տարիներ»,- փաստեց մեր զրուցակիցը` հորդորելով, որ ժամանակն է վերջապես աջակցելու ու պաշտպանելու Վրաստանում ապրող հայությանը: Այլապես, ըստ քաղաքագետի, վրացիները «թուրքի նման» շարունակելու են մեր եկեղեցին, պատմությունը սեփականացնել:
«Վրացիների վիճակն ավելի ծանր է, քան մերը: Իրենք մտել են եվրոպական խաղերի մեջ, որի արդյունքը մի քանի ամիս հետո կտեսնենք: Հիմա մտածում են, թե իրենք եվրոպացի են ու ամեն ինչ կարող են անել, բայց նույն վրացին են»,- շեշտեց Լևոն Շիրինյանը` վերստին ընդգծելով, որ այսպիսի զարգացումներ չէին լինի, եթե Հայաստանի իշխանավորները կրավորականություն, չեզոքություն չցուցաբերեին իրենց հայրենակիցների նկատմամբ: Քաղաքագետի դիտարկմամբ, մեր ժողովուրդն այնտեղ իրավազրկված է, հայերը երկրորդ կարգի մարդիկ են դիտվում, վրացիները Եվրոպայի անունից են խոսում, բայց վարվում են թուրքի պես:
Քաղաքագետը չհամաձայնեց նաև այն տեսակետին, թե նման սադրանք հրահրելը ձեռնտու էր Ռուսաստանին. «Կա մարդկանց մի խումբ, որը ռուսատյացությամբ է տառապում և ամեն ինչ ուղղում նրա դեմ: Ռուսաստանն ի՞նչ կապ ունի սրա հետ, մանավանդ այսօր ռուս-վրացական հարաբերություններ գրեթե գոյություն չունեն: Այստեղ «պրիչյոմ» ռուսները»:
Նշենք, որ այս հարձակման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Որքա՞ն է հավանականությունը, որ վրաց իրավապահները մեղավորներին կբացահայտեն և կպատժեն: Լևոն Շիրինյանը ոչ մի հավանականություն չի տեսնում, ավելին, կարծում է, որ գործը կկոծկվի: «Գցելու են մի երկու խուժանի վրա, կարող է մի խեղճուկրակ հայ էլ գտնեն ու ողջ մեղքը նրա վրա բարդեն»,- վստահեցրեց քաղաքագետը:
Ի դեպ, վիրահայոց թեմի հայտարարությունում նշված է նաև, որ հարձակվող ամբոխը զգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխը ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ